Աննա Սիմոնյան – Սրտիս Խոսքը

26.01.2017 | 17:26

104․07․2015

∗∗∗∗∗

Մեծագույն պարտք է կյանքով պարտական լինելը:
Խորագույն հասկացողություն է երախտապարտությունը գիտակցելը:

∗∗∗∗∗

Խիզախություն է քո խաչը կրելը ու մահվան ձորով շնչահեղձ վազելը,
բայց հերոսությունը ուրիշի ցավը քոնի տեղ տանելն է, ու այդ ցավը լռությամբ պահելը, ուրիշի ճամփան հավասար անցնելը:

∗∗∗∗∗

Մեծագույն հավատք է հույսով սպասելը,
վեհության նշան` ծնկած աղոթելը:
Կյանքի հետ դաշինք է չհանձնվելը,
ու անգամ երբ խեղդում են արցունքները. թող հոսեն, միայն կասեմ, որ անիմաստ են արցունքները, միշտ գալիս են, երբ դեռ շուտ է, կամ էլ արդեն երբ ուշացան:Մենակությունը մարդու պակասը չէ, այլ ունայնությունն է, որ ծնում է նպատակի բացակայությունը:

∗∗∗∗∗

Տագնապը ցրող է հումորի զգացումը`
վախի ափերից
այն խույս է տալիս:

∗∗∗∗∗

Երաշտ օրերին` անձրև է խաղաղությունը`
ցամաքած հույսերը նոր ծիլ են տալիս:

Անկոտրուն վահան է հոգատարությունը, այն անշնորհակալ նետերից չի վիրավորվում:

∗∗∗∗∗

Ինքնուրաց է սերը, այն իր վերջինն էլ չի ափսոսում, ու իր միակը անգամ սիրով է զոհում:

Մեծագույն պարտք է կյանքով պարտական լինելը,
Մեծագույն կյանք է գեթ մեկի համար կյանքով պայքարելը…

∗∗∗∗∗

Նյութի աղբյուրը՝   Աննա Սիմոնյանի ՖԲ էջ