Վերածննդի հրաշքը. քառասուն անմոռաց օր Աստծո հետ

24.03.2014 | 11:19

Ամեն ինչ պետք է հավասարվեր զրոյի, որպեսզի նորից սկսվեր: Ամեն ինչ պետք է մահանար, որպեսզի նոր ծնունդ լիներ` հոգու, մարմնի, մտքերի, հույզերի, սրտի, հարաբերությունների: Ամեն ինչ պետք է քանդվեր, որպեսզի նորից վեր ելներ, թև առներ ու սլանար քամու հոսանքով: Խոսքն ասում է, որ սերմը պետք է մեռնի, որ ծիլը ծնվի ու պտուղ տա: «Այն որ դու սերմում ես, չի կենդանանալ, եթե չմեռնի…» (Ա Կորնթ. 15:36):

Ահա այդպիսի մի վերածնունդ եղավ իմ կյանքում, երբ ամեն ինչ քանդվեց` նույնիսկ մարմինս, ապա նորից թև առավ: Երբ բժիշկն ասաց, որ ստիպված եմ լինելու գրեթե 2 ամիս անշարժ պառկել` անգամ վիզս չշարժելով, կարծեցի` կատակում է. չէի պատկերացնում, որ դա հնարավոր է: Սա նաև հավատքի փորձության և հղկման պահ էր այն ժամանակ, երբ ընդամենը երկու ամիս առաջ մայրիկս հեռացել էր այս աշխարհից. միայն ես էի ու եղբայրս…

2010թ. ապրիլի 15-ին` վաղ առավոտյան մեր մեքենան վթարի ենթարկվեց Ծաղկաձորի ճանապարհին, որտեղ պետք է կայանար Ռեմա եկեղեցու կոնֆերանսը: Վթարի հետևանքով ես ստացա գոտկատեղի և պարանոցային ողերի, կողերի, կոնքի և ձեռքի կոտրվածքներ, թոքի պնևմատորեքս, կրծքավանդակի վնասվածք: Առաջին իսկ վայրկյանից, երբ ուշքի եկա, Հիսուս Քրիստոս էի կանչում` հասկանալով, որ միայն այդ անվան զորությունը կարող է մեզ փրկել: Ես գրեթե չէի կարողանում շնչել, մարմինս սեղմված ու ճզմված էր, ամեն ինչ ցավում էր: Ֆիզիկական ցավի մեջ մտքումս շարունակ փառաբանում էի Հիսուսին, և դա ինձ ուժ էր տալիս:

Աստված` իմ Հայրը, թույլ տվեց այդ վթարը, բայց Նրա թույլտվության սահմաններից այն կողմ վատ բան չեղավ: Ավելին` Աստված ցույց տվեց Իր թագավորությունը, փառքը և հրաշալի հայրությունը: 40 օր անշարժ պառկելու ընթացքում մի նոր կյանք ապրեցի Հիսուսի հետ: Կոփվեցի, ամրացա, ավելի հասունացա, ապրեցի ու հասկացա, թե այդ ինչպես է լինում, որ ֆիզիկական ցավի մեջ քրիստոնյան Հիսուսին է փառաբանում: Փորձության ամենադժվարին ընթացքում Աստված շատ կարևոր դասեր սովորեցրեց ինձ, որոնք պարզապես անհրաժեշտ են այս կյանքում Իրեն հետևելու և ծառայելու համար: Նա սովորեցրեց համբերություն, փորձության մեջ Հիսուսին փառաբանելու և բժշկության համար աղոթելու կարևորություն, ճանաչել եկեղեցին` Հիսուսի թագավորության մարմնացումը, ավելի խորը մտերմություն Հիսուսի հետ:

Այդ 40 օրվա ընթացքում ճանաչեցի իմ ընտանիքը, տեսա, որ մենակ չեմ` Ռեմա եկեղեցին կողքիս էր… Ծանոթ-անծանոթ դարձան հարազատ, խնամում էին, կերակրում, քաջալերում, աղոթում: Ես հասկացա, որ ամեն ինչ Աստծուն է պատկանում, և այն ինչ իրենն է, հրաշալի է, գեղեցիկ, փառահեղ, հավերժական: Ես ապրեցի, որ հրաշալի են Տիրոջ ճամփաները, որ արեգակի տակ ամեն ինչ ունայն է առանց Աստծո ներկայության և Հոգու լեցունության, և որ ամեն մարդկայինը չնչին ու նվազ է:

Աստված համբերություն էր սովորեցնում ամենամանր կենցաղային հարցերում: Այդ օրերին ամեն ինչ ինձ խնամողների ձեռքում էր, և անհրաժեշտ էր ամեն անգամ նոր խնամողին բացատրել, թե ինչպես խնամի: Որևէ բան բացատրելը համբերությունս կոփելու փորձություն էր` բացատրել նույն բաները մի քանի անգամ մեկ օրվա ընթացքում անծանոթ մարդկանց, և այդ ամենն անել սիրով ու քաղցրությամբ. այնքան էլ հեշտ բան չէր անկողնում անշարժ գամվածի համար:

Փորձությունն Աստված չի տալիս, այլ լինում է Իր թույլտվությամբ, սակայն իրեն հուսացողների համար Նա ամեն վատ «երևույթ» բարու գործակից է անում: Եթե ես իմ կյանքը հանձնել եմ Աստծուն, ապա ամեն բան իրեն է պատկանում` և լավը, և վատը: Ես ջարդրտվեցի, սակայն հոգիս նորոգվեց: Ապրեցի Աստծո կենդանի բժշկությունը, երբ հիվանդանոցում աղոթում էի ու ցավերս անցնում էին. այլևս ցավազրկողի կարիք չունեի: Զգում էի Աստծո հրաշագործ ներկայությունն ամեն վայրկյան:

Մենք` քրիստոնյաներս, հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն ենք և Նրա խոսքի կրողները, սակայն այս հավատքը պետք է անցնի փորձություններով, գուցե և բազում, որպեսզի մաքրագործվի, հաստատվի և ամրանա: Փորձություններից պետք չէ ոչ վախենալ, ոչ խուսափել, պետք չէ տխրել կամ հուսահատվել, երբ գտնվում ենք պտտահողմի հենց մեջտեղում: Երբ դժվար է, ելք չկա, լույսը չենք տեսնում մեզ շրջապատող խավարում, թվում է` անկարող ենք հաղթահարել «երևույթը», թվում է` դժվարությունը վերջ չունի: Բայց երբ Հիսուսին ենք կանչում «մեր խնդիրները հանձնում Նրան, երբ թույլ ենք տալիս» խնդրում ենք, որ Տիրոջ Հոգին զորանա մեր մեջ, հավատացեք, ամեն բան հնարավոր է դառնում: Երբ քո կյանքում ամենադժվարին փորձությունն ես ապրում, մի կարծիր, թե դա քո ուժերից վեր է, մի կարծիր, թե այդ պահին Աստված քեզ լքել է, ընդհակառակը` Աստված ամեն վայրկյան չի դադարում քո կողքին լինել, ձեռքդ բռնած քեզ բարձրացնում է, միայն թե մենք տեսնենք, զգանք և Իրեն հուսանք:

Փորձության ժամանակ պարզապես փառաբանիր և փառք տուր Հիսուսին, քանզի Նրա հետ միևնույն է միշտ հաղթանակած ենք դուրս գալիս ամեն փորձությունից, ինչի պտուղը, ի վերջո, միշտ քաղցր է մեզ համար: «…Ամենայն ուրախության արժանի համարեցեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք, իմացեք, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում», որպեսզի անթերի և կատարյալ լինենք (Հակոբոս 1:2-4), այս խոսքերի հեղինակը ես չեմ, այլ` Աստված:

Իսկ ե՞ս… Ինչպե՞ս եմ ես հիմա… Քայլում եմ, եկեղեցի եմ գնում, վիզս և ողնաշարս շարժում եմ այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Ի դեպ, ապաքինումս ընթացավ շատ ավելի արագ, և ավելի շուտ սկսեցի քայլել, քան բժիշկները կանխատեսում էին: Սա Հիսուսի հրաշքի մեկ այլ տեսանելի ապացույցն է և շատերի աղոթքների պատասխանը:

Ինչպե՞ս կարող է լույսը չլուսավորի խավարը, չցրի այն, ինչպե՞ս կարող է արցունքի կաթիլն իզուր թափվի Տիրոջ զավակի` Թագավորի ժառանգի աչքերից: Հավատում եմ, որ մեր Հոր համար թանկ է իր զավակի արցունքի ամեն կաթիլ:

«Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակիլ, կգնան և չեն հոգնիլ» Եսայա 40:31:

Լիլիթ Ավայան

Նյութի  աղբյուրը   www.rhemachurch.net


Ապաշխարության աղոթք.

_Հիսու՛ս, ես հավատում եմ,որ դու մահացել ես իմ մեղքերի համար և հարություն ես առել,որպեսզի կարողանամ ստանալ ներում և հավիտենական կյանք:Ես խնդրում եմ Քեզ ,եկ իմ կյանքի մեջ:Ես ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր և Փրկիչ:Շնորհակալություն ,որ Դու ներում ես իմ բոլոր մեղքերը:Շնորհակալություն,Դու ընդունեցիր ինձ և Դու ինձ իրավունք տվեցիր դառնալ Աստծո զավակ:Շնորհակալություն,որ Աստծո բոլոր խոստմունքները դարձան իրական իմ կյանքում:Հիսուս Քրիստոսի անունով թող լինի այդպես,ամեն:

Սիրելինե՛ր, ձեր աղոթքի խնդրվածքները կամ հարցերը կարող եք ուղղարկել` օգտվելով կապի հետևյալ միջոցից:
Անուն,Ազգանուն*
E-mail:*
Հարց*
Հավաքիր նկարի սիմվոլները

Ընթերցեք նաև.

Ի՞նչ է ապաշխարությունը
Նոր կյանք Աստծո հետ
Դուռը դեպի Աստված բաց է
Սիրող Հոր առակը
Հիսուսը վճարեց քո փոխարեն